Հաճախակի տրվող հարցեր

 

Ի՞նչ է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:  
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը անկախ կառավարման համակարգով կառույց է, որը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը:

Ինչու՞ է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը վստահելի:  
Հաշտարարի գրասենյակը վստահելի է, որովհետև այն ունի անկախ կառավարման և ֆինանսավորման համակարգ, ինչպես նաև անկողմնակալ և բարձր հեղինակություն վայելող Հաշտարար, որի կայացրած որոշումները թափանցիկ են և արդար:

Ո՞ր դեպքում ես կարող եմ դիմել Հաշտարարին:
Եթե դուք ֆիզիկական անձ եք, օգտվել եք կամ դիմել եք ֆինանսական կազմակերպությանը նրա ծառայություններից օգտվելու համար և դրա արդյունքում ունեք գույքային պահանջ այդ կազմակերպության նկատմամբ:

Կարող է արդյո՞ք իրավաբանական անձը դիմել Հաշտարարին:
Ոչ: Հաշտարարի ծառայությունները նախատեսված են միայն ֆիզիկական անձ սպառողների համար:

Ինչու՞ ես պետք է դիմեմ Հաշտարարին:
Հաշտարարին դիմելով` դուք հնարավորություն կստանաք պաշտպանել Ձեր շահերը: Ի դեպ, դիմելով մեզ, դուք ոչինչ չեք կորցնում, քանզի Հաշտարարի ծառայություններն անվճար են, քննության ընթացքը պարզ է և արագ` առանց քաշքշուկների, և դուք միշտ ունեք Հաշտարարի որոշմանը չհամաձայնելու և դատարան դիմելու իրավունք:

Ի՞նչ պետք է ես անեմ մինչև Հաշտարարին դիմելը:
Եթե դուք ունեք պահանջ ֆինանսական կազմակերպության նկատմամբ, ապա պետք է նախ Ձեր պահանջը գրավոր ներկայացնեք այդ կազմակերպությանը, ապա անբավարար պատասխանի կամ պատասխանի բացակայության դեպքում` դիմեք մեզ: Ձեր քայլերի հաջորդականությունը առավել մանրամասն նկարագրված է այստեղ:

Ինչպե՞ս ես կարող եմ դիմել Հաշտարարին:
Հաշտարարին կարող եք դիմել` զանգահարելով 58-23-22 կամ 58-23-21 հեռախոսահամարներով կամ այցելելով Վազգեն Սարգսյան 26/1, "էրեբունի Պլազա" բիզնես-կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ, ինչպես նաև info@fsm.am էլեկտրոնային հասցեով:

Հաշտարարի ծառայություններն անվճա՞ր են:
Այո, հաշտարարի ծառայություններն ամբողջությամբ անվճար են:

Ես իրավապաշտպանի կարիք ունե՞մ:
Ոչ: Իրավապաշտպան չի պահանջվում Հաշտարարին դիմելու համար: Սակայն, հաճախորդը ցանկության դեպքում կարող է ներգրավել նաև իրավապաշտպանի:

Ինձ ի՞նչ փաստաթղթեր են պետք Հաշտարարի կողմից պահանջը քննության ընդունելու համար:
Որպեսզի Հաշտարարի կողմից Ձեր պահանջն ընդունվի քննության, պետք է ներկայացնել դիմում-պահանջ, որի անհրաժեշտ պայմանները ներկայացվում են այստեղ: Դիմում-պահանջին անհրաժեշտ կցել նաև կազմակերպությանն ուղղված Ձեր գրավոր բողոք-պահանջի պատճենը, ինչպես նաև առկայության դեպքում` այդ պահանջին ներկայացրած Կազմակերպության գրավոր պատասխանի պատճենը:

Կա՞ արդյոք սահմանված վաղեմության ժամկետ հաշտարարին դիմելու համար:
Այո: Հաշտարարը քննում է միայն այն բողոքները, որոնց համար հիմք հանդիսացող գործողությունները կամ անգործությունը տեղի են ունեցել 2008թ.-ի օգոստոս 2-ից հետո, և այն պահանջները, որոնք Հաշտարարին են ներկայացվել վեց ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ հաճախորդը ստացել է ֆինանսական կազմակերպության վերջնական պատասխանը իր ներկայացրած բողոքի վերաբերյալ կամ այդ բողոքի վերաբերյալ պատասխան չի ստացել:

Կա՞ արդյոք գումարային սահամանափակում ներկայացվող պահանջի չափի վերաբերյալ:
Այո: Հաշտարարը քննում է միայն մինչև 10 մլն. ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջները:

Ինչպե՞ս է պաշտպանված իմ ներկայացված տեղեկատվության գաղտնիությունը:
Հաշտարարին ներկայացված ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանված է օրենքով: Բացի այդ Հաշտարարի գրասենյակում ներդրված են հատուկ Էթիկայի կանոններ, որոնք շարադրում են աշխատակիցների վարքագծի կանոնները և կոչված են ապահովելու Գրասենյակում առկա ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը:

Որքա՞ն ժամանակ է տևում պահանջի քննությունը Հաշտարարի կողմից:
Օրենքի համաձայն, երբ հաճախորդի գրավոր պահանջը ստացվում է Գրասենյակի կողմից, այն մինչ հաջորդ աշխատանքային օրվա ավարտն ուղարկվում է այն ֆինանսական կազմակերպությանը, ում դեմ ուղղված է պահանջը: Պահանջի հետ Հաշտարարը կազմակերպությանն է ուղարկում նաև գրություն` պահանջելով ներկայացնել պարզաբանումներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Հաշտարարի գրությունը ստանալուց 14 աշխատանքային օրվա ընթացքում Կազմակերպությունը պարտավոր է պատասխանել Հաշտարարին: Իր հերթին Հաշտարարը, ստանալով կազմակերպության պատասխանը, պարտավորվում է 14 աշխատանքային օրում կայացնել որոշում: Բացառիկ դեպքերում պահանջի քննության ժամկետը կարող է երակարաձգվել ևս 14 օրով: Որպես կանոն, սակայն, ողջ գործընթացը տևում է միջինը 20-25 օր:

Հաշտարարի որոշման կատարումը պարտադի՞ր է ինձ համար:
Հաշտարարի որոշման ընդունումից հետո Ձեզ/հաճախորդին տրամադրվում է 30 օրյա ժամկետ, որի ընթացքում հաճախորդը կարող է գրավոր համաձայնել կամ չհամաձայնել որոշման հետ: Եթե հաճախորդը գրավոր անվերապահորեն համաձայնում է Հաշտարարի որոշման հետ, այն կողմերի համար դառնում է պարտադիր:

Ես կարո՞ղ եմ դիմել դատարան, եթե համաձայն չեմ Հաշտարարի որոշման հետ:
Այո: Եթե Դուք Հաշտարարի կողմից որոշում կայացնելուց հետո 30 օրյա ժամկետում գրավոր ձևով չեք համաձայնում Հաշտարարի որոշման հետ, ապա այն չի ունենում որևէ ուժ, և Դուք կարող եք դիմել Դատարան: Միևնույն ժամանակ, եթե Դուք վերոնշյալ 30 օրյա ժամկետում գրավոր համաձայնում եք Հաշտարարի որոշման հետ, իսկ 30 օրն ավարտվելուց հետո մտափոխվում եք, այն է` որոշում եք չհամաձայնել Հաշտարարի որոշման հետ, ապա կրկին կարող եք դատարանում վիճարկել Հաշտարարի որոշումը: