logo

online.fsm.am
Հաճախակի տրվող հարցեր

Պարտադիր անհրաժեշտ է ներկայացնել՝

 

  1. Ձեր անձնագիրը և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ էջերի տեսանելիությունը,
  2. Ապահովագրական ընկերության կողմից կազմված Որոշում-Ծանուցում փաստաթուղթը,
  3. Ապրանքագիտական և ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքները,
  4. Եթե դիմում եք անշարժ գույքին, օրինակ՝ տուն, ավտոտնակ և այլն, կամ շարժական գույքին, օրինակ՝ գյուղ․ տեխնիկա, սարքավորումներ և այլն, պատճառված վնասի հատուցում ստանալու համար, ապա պետք է ներկայացնեք նաև այդ գույքի նկատմամբ Ձեր սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթեր։
  5. Լիազորագիր, եթե հանդես եք գալիս այլ անձի անունից։ Լիազորագրի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից, իսկ Լիազորագրի տիպային լրացված օրինակը կարող եք տեսնել այստեղ:

Ըստ անհրաժեշտության գործի քննության համար կարող են պահանջվել նաև հետևյալ փաստաթղթերը՝

 

  1. Ապահովագրական ընկերության հետ կնքված ապահովագրության պայմանագիրը,
  2. Տեղի ունեցած պատահարի վերաբերյալ կազմված ՃՈ արձանագրությունը կամ համաձայնեցված հայտարարագիրը,
  3. Վնասված ավտոմեքենայի և վթարի վայրի լուսանկարները,
  4. Եթե Ձեզ մոտ առկա է որևէ տեսանյութ կամ ձայնագրություն վթարի հետ կապված, խնդրում ենք ներկայացնել նաև դրանք,
  5. Վթարի հետևանքով անձնական որևէ վնաս կրած լինելու դեպքում խնդրում ենք ներկայացնել նաև բուժման հետ կապված բոլոր փաստաթղթերը՝ էպիկրիզ, հետազոտության արդյունքներ, վճարման կտրոններ։
  6. Ցանկացած այլ փաստաթուղթ, որն առկա է Ձեզ մոտ և կարող է որևէ կերպ կապ ունենալ Ձեր խնդրի հետ։

Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (Ապահովադրի) նկատմամբ, եթե վերջինս ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը («Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի hոդված 27-ի 2-րդ կետի դ ենթակետ): Ավտոտրանսպորտային միջոցի շահագործման ձևի (նպատակի) փոփոխությունը համարվում է որպես վկայագրում նշված էական տեղեկատվության փոփոխություն: Այս պարագայում ավտոմեքենան որպես տաքսի շահագործելով փոխվում է ապահովագրության ռիսկայնության աստիճանը: Այսինքն՝ ապահովագրական ընկերությունը տուժող կողմին ապահովագրական հատուցում տրամադրելուց հետո ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք:

Ապահովագրական հատուցման գործընթացի կարգավորման՝ ներառյալ փորձաքննությունների, նախնական զննության գործընթացի իրականացման, ապահովագրական հատուցման վճարման և ծանուցումների իրականացման համար «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ -ի RL 1-001 կանոններով (ԱՊՊԱ  Ընդհանուր Պայմաններ) նախատեսված ժամկետների խախտման դեպքում ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն իրավունք ունի դիմում դտացած ապահովագրական ընկերությունից (ԴՍԱ) պահանջել յուրաքանչյուր կետանցված օրվա համար վճարել տույժ՝ Օրենքով սահմանված չափով, իսկ Օրենքով համապատասխան խախտման համար տույժ սահմանված չլինելու դեպքում՝ տուժողի կրած տվյալ տեսակի վնասի համար նախատեսված ապահովագրական գումարի 0,1 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել հիսուն հազար ՀՀ դրամից, եթե միևնույն հատուցման գործընթացում սույն կանոններով նախատեսված բոլոր գործողությունների համար սահմանված ժամկետների կետանցված օրերի քանակը 7 և ավելի է: Ընդ որում՝ միևնույն համադրելի ժամանակահատվածում ԴՍԱ-ի կողմից սույն կանոններով նախատեսված տարբեր գործընթացներ կետանցվելու դեպքում այդ ժամանակահատվածի համար տույժերը հաշվարկվում են մեկ անգամ:

Ապահովագրական հատուցման գործընթացի կարգավորման համար սահմանված ժամկետների ավարտից հետո Հաճախորդը ավտոմեքենային պատճառված վնասի չափի անհամաձայնության պահանջով կարող է դիմել Հաշտարարին: Այս դեպքում ավտոմեքենային պատճառված իրական վնասի չափը որոշելու համար Հաշտարարը կարող է պահանջի քննության ընթացքում ներգրավել անկախ փորձագետ: Միևնույն ժամանակ, փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ավտոմեքենան գտնվի հետվթարային՝ չվերանորոգված վիճակում, ինչը հնարավորություն կտա անկախ փորձագետին կատարել համապատասխան փորձաքնությունը:

Կնքված ապահովագրության պայմանագրի շրջանակներում ապահովագրողը պարտավորվում է ապահովագրավճարի դիմաց վճարել ապահովագրական հատուցում, եթե տեղի է ունենում պայմանագրով սահմանված իրադարձությունը: Եթե Ապահովագրական ընկերության և Հաճախորդի միջև կնքված պայմանագրով առևանգումը նախատեսված է ապահովագրման ենթակա ռիսկերի շարքում, ապա առևանգման փաստը արձանագրված լինելու ուժով ապահովագրական ընկերությունը պարտավոր է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում: Նշենք, որ Ընկերությունը պարտավոր կլինի միայն այն դեպքում, երբ նման ձևակերպում լինի պայմանագրում, հակառակ դեպքում՝ կարող է նաև չտրամադրել։

ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում եթե վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է, ապա Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից հատուցման ենթակա են միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները: Այս պարագայում գույքային վնասը չի փոխհատուցվում: 

Իսկ այն դեպքում, երբ կնքված է մեքենայի ԿԱՍԿՈ պայմանագիր, ապա հատուցման 

պահանջով Հաճախորդը կարող է դիմել համապատասխան ապահովագրական ընկերությանը:

Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի ապահովագրական պատահարի օրվանից հետո եռամսյա ժամկետում դիմելու ապահովագրական ընկերություն կամ օրենքով սահմանված դեպքերում Բյուրոյին («Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդված):

Ապահովագրական ընկերության կողմից կազմված Որոշում-Ծանուցումը Հաշտարարի գրասենյակում կարող եք բողոքարկել միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո՝ այն է, դրա վերաբերյալ Հաճախորդին ծանուցելուց 5 աշխատանքային օր անց։ Այսպիսով, վերոնշյալ որոշումը Հաշտարարի գրասենյակում կարող եք բողոքարկել 6-րդ աշխատանքային օրվանից սկսած:

Եթե Ապահովագրական ընկերության աշխատակիցը չի պատասխանում Ձեր զանգերին, ապա Դուք կարող եք ապացուցել, որ զանգահարել եք ընկերությանը՝ վթարի օրվա դրությամբ առկա զանգերի քաղվածքը կապի օպերատորից վերցնելով։