logo

online.fsm.am
Հաճախակի տրվող հարցեր
Ինչպե՞ս կարող եմ մաքրել իմ վարկային պատմությունը:

Վարկային տեղեկատվությունը կամ այսպես կոչված «վարկային պատմությունը» դա Ձեր (վարկառուի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է Ձեր կողմից ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Գործնականում «վատ վարկային պատմությունը մաքրել» նշանակում է ընթացիկ վարկային զեկույցներում չունենալ խնդրահարույց (ժամկետանց կամ սուբյեկտտիվ չափանիշներով դասակարգված) վարկեր:

Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկ​ույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է: («Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ ենթակետ)։

Որքա՞ն ժամանակ է վարկային տեղեկատվությունը պահպանվում տվյալների բազայում:

Վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եվ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի):

Նախորդ վարկային պայմանագրով սահմանված վճարումները կատարել եմ ուշացումներով: Արդյունքում ձևավորվել է վատ վարկային պատմություն, որի պատճառով բանկերը հրաժարվում են ինձ հետ նոր վարկային պայմանագիր կնքել: Արդյո՞ք մեզ չեն կարող նոր հնարավորություն տալ:

Վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետևաբար վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպություն) ինքն է ազատորեն որոշում ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը` վարկը մարելու հնարավորությունը, ինքն է որոշում Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ:

Ձեր վարկային պատմությունը բարելավելու համար պետք է ամբողջովին մարեք նախկինում գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց` նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Կարող եմ արդյո՞ք Հաշտարարի միջնորդությամբ բանկից ստանալ վարկ:

Ո՛չ, Հաշտարարը նման հարցերով չի կարող զբաղվել, քանի որ Ֆինանսական համակարգի հաշտարարը լիազորված չէ միջամտել Ֆինանսական կազմակերպություն - Հաճախորդ հարաբերություններին: Հաշտարարի գրասենյակը Հաճախորդի կողմից ներկայացված պահանջն ընդունում է քննության, եթե Հաճախորդի իրավունքները խախտվել են Ֆինանսական կազմակերպության կողմից:

Ինչ վերաբերում է վարկի տրամադրմանը, ապա նշենք, որ վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետևաբար վարկատուն ինքն է ազատորեն որոշում ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` վարկատուն, գնահատելով Ձեր վարկունակությունը` վարկը մարելու ունակությունը, ինքն է որոշում Ձեզ հետ կնքել վարկային պայմանագիր, թե ոչ: 

Կարող է արդյո՞ք բանկն առանց որևէ պատճառաբանությամբ մերժել վարկի տրամադրումը:

Տեղեկացնում ենք, որ վարկի տրամադրումը մերժելու հիմքերը սահմանվում են բանկի ներքին կանոններով, և եթե բանկը մերժում է հաճախորդի` վարկ ստանալու վերաբերյալ դիմումը, ապա պետք է նշի մերժման հիմքը:

Ի՞նչ չափանիշներ են հաշվի առնվում վարկ տրամադրելիս: Արդյո՞ք այդ չափանիշների առկայության դեպքում բանկը կամ այլ վարկային կազմակերպություն պարտավոր է դիմողի հետ կնքել վարկային պայմանագիր:

Վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետևաբար` Վարկատուն ինքն է ազատորեն ո​րոշում ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ: Այսինքն` բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը, գնահատելով վարկը մարելու Հաճախորդի հնարավորությունը, ինքն է որոշում կնքել վարկային պայմանագիր, թե՝ ոչ:

Վարկունակությունը գնահատելու նպատակով կարող են հաշվի առնվել հետևյալ հանգամանքները՝

  • Աշխատավարձի և այլ եկամուտների առկայությունը,
  • Վարկային պատմությունը,
  • Անշարժ և այլ գույքի առկայությունը,
  • Երաշխավորների առկայությունը,
  • Տարիքը,
  • Այլ հանգամանքներ:
Կնքել եմ վարկային պայմանագիր, որից բխող պարտավորությունների ապահովման համար գրավադրել եմ իմ գույքը: Վճարումները չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են լինել:

Վարկի մարման և տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր: Պայմանագրում տույժերի վերաբերյալ դրույթներ նախատեսված չլինելու դեպքում տոկոսները հաշվարկվում են կետանցի (ուշացման) օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Եթե վարկային պայմանագրի շրջանակներում առկա է գրավադրված գույք, ապա ֆինանսական կազմակերպությունը կարող է իրացնել գրավի առարկան և իրացման արդյունքում ստացված գումարը ուղղել վարկային պարտավորությունների կատարմանը:

Եթե իրացման արդյունքում ավելացել է գումար, ապա ֆինանսական կազմակերպությունը պետք է վերադարձնի Ձեզ այդ գումարը, իսկ եթե ստացված գումարը բավարար չէ վարկային պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար, ապա Դուք պատասխանատու եք վարկային պայմանագրից բխող պարտավորությունների համար Ձեզ պատկանող մնացած գույքով:
Միայն գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքում է, որ գույքի իրացումից հետո գրավատունն իրավունք չունի որևէ պահանջ ներկայացնել պարտապանի նկատմամբ, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է պահանջը լրիվ բավարարելու համար (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 255 հոդվածի 7-րդ կետ):

Կարող է արդյո՞ք բանկը կամ վարկային կազմակերպությունը սահմանել տուգանք վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարման համար:

Վարկային պարտավորությունների վաղաժամկետ մարման համար տուգանքի կիրառում չի թույլատրվում միայն այն դեպքերում, երբ վարկը տրամադրվել է սպառողական նպատակով, եթե վարկային պայմանագիրը կնքվել է 2009թ.-ի հունվարի 24-ից հետո, երբ ուժի մեջ է մտել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը:

Մյուս բոլոր դեպքերում (վերոնշյալ ժամկետից ավելի վաղ կնքված պայմանագրեր, հիփոթեքային/անշարժ գույքի ձեռքբերման պայմանագրեր, բիզնես վարկեր և այլն) ՀՀ օրենսդրությամբ տուգանքի կիրառում չի արգելվում:

Կարող է արդյո՞ք գրավառուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) առանց ինձ ծանուցելու վաճառել գրավ դրված իմ գույքը:

Ո՛չ, չի կարող: Եթե գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնությամբ առկա է դրույթ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին, ապա գրավառուն Ձեր կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր է գրավոր` պատշաճ ձևով ծանուցել Ձեզ (պարտապանին) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում)` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի 2-րդ մասի: Նույն հոդվածը սահմանում է նաև, որ բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իրավունք ունի իրացնելու գրավի առարկան: Վերոնշյալ համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:

Այսպիսով` Ֆինանսական կազմակերպությունը պետք է Ձեզ գրավոր ծանուցի գրավադրված գույքի իրացման վերաբերյալ, որից երկու ամիս հետո միայն կարող է իրացնել գույքը:

Կարող է արդյո՞ք Հաշտարարի գրասենյակը պահանջել Ֆինանսական կազմակերպությունից չկիրառել տուգանք ժամկետանց պարտավորության համար:

Ո՛չ, Հաշտարարը նման խնդրով չի կարող զբաղվել, քանի որ մենք իրավասու ենք քննել Հաճախորդի պահանջը միայն այն դեպքում, երբ առկա է վերջինիս իրավունքների խախտում Ֆինանսական կազմակերպության կողմից:

Եթե կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված է տույժի վճարման չափ և կարգ, ապա ֆինանսական կազմակերպությունն իրավասու է կիրառել դրանք մինչև պարտավորությունների ամբողջական մարումը: 

Գրավատան հետ կնքել եմ վարկային պայմանագիր ոսկու գրավադրմամբ: Պարտավորությունները չկատարելու արդյունքում կուտակվել են տույժեր: Այժմ պարտավորությունների ընդհանուր ծավալը ավելի մեծ է, քան գրավադրված ոսկու շուկայական արժեքը: Իրավունք ունի արդյո՞ք գրավատունը չվաճառել գրավադրված ոսկին և իմ պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պահանջով դիմել դատարան:

Գրավով ապահովված վարկի գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում գրավատունն իրավունք ունի այդ գույքն իրացնել (վաճառել) հրապարակային սակարկություններով: Դրանից հետո Ձեր (պարտապանի) նկատմամբ գրավատան պահանջները մարվում են, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է դրանք լրիվ բավարարելու համար` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 255-րդ հոդվածի 7-րդ կետի: Փաստորեն, գրավի առարկան իրացնելը հանդիսանում է գրավատան իրավունքը, ոչ թե պարտականությունը:
Ձեր (վարկառուի) հիմնական պարտավորությունը հանդիսանում է վարկային պայմանագրով նախատեսված ժամկետում վերադարձնել որպես վարկ տրամադրված դրամական միջոցները, ինչպես նաև տոկոսներ վճարել դրա օգտագործման դիմաց: Այս դրույթը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին մասում, մասնավորապես` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպություն (Վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից: 
Փաստորեն, գրավատունն իրավունք ունի չօգտվել իր՝ գույքի արտադատական կարգով իրացման իրավունքից և դիմել դատարան: 

Արդյո՞ք բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է ծանուցել ինձ ժամկետանց պարտավորությունների, դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար սահմանված տույժերի և տուգանքների մասին:

Եթե կողմերի միջև կնքվել է սպառողական վարկի պայմանագիր (երբ  վարկի գումարը գերազանցում է 100,000 ՀՀ դրամը և չի գերազանցում 10,000,000 ՀՀ դրամը), ապա Կրեդիտավորողը (Բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան երեսնօրյա պարբերականությամբ, Սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ  սպառողն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սահմանված տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու պայմանով («Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդված):

Եթե կողմերի միջև կնքված վարկային պայմանագիրը սպառողական վարկի պայմանագիր չէ, ապա կողմերի միջև հաղորդակցման կարգը կարգավորվում է վարկային պայմանագրով, իսկ եթե դրան անդրադարձ չկա, ապա կազմակերպությունը ծանուցման պարտականություն չի կրում:

Վարկային պայմանագրի շրջանակներում հանդիսանում եմ երաշխավոր: Վարկառուն (վարկ վերցրած անձը) վճարումները չի կատարում ժամանակին, և ես այլևս չեմ ցանկանում լինել երաշխավոր: Ինչպես կարող եմ այդ հարցը լուծել:

Տվյալ պարագայում երաշխավորությունը կարող է դադարել Վարկառուի և Ֆինանսական կազմակերպության միջև ձեռք բերված համաձայնությամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում, ինչի կապակցությամբ ցանկանում ենք նշել հետևյալը`

Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Վարկառուի հետ լինելով համապարտ պարտապան Վարկառուի կողմից վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունների համար` Երաշխավորը նույնպես պատասխանատվություն է կրում վարկային պարտավորությունների կատարման համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները: Այսինքն` պարտատիրոջ պահանջները կատարած երաշխավորը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում պարտապանի նկատմամբ իր կատարածի չափով:

Վարկառուի կողմից վարկային պայմանագրից բխող վճարումները չկատարվելու կամ անպատշաճ կերպով կատարվելու դեպքում Վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը) կարող է իր պահանջները ներկայացնել ինչպես պարտապանին, այնպես էլ երաշխավորներին կամ նրանցից յուրաքանչյուրին, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի համաձայն` երաշխավորությունը դադարում է

 1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաև առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների

 2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար

 3) եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը

 4) երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով, որով այն տրվել է: Նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը, երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Այն դեպքերում, երբ հիմնական պարտավորության կատարման ժամկետը նշված չէ և չի կարող որոշվել կամ որոշվել է պահանջի պահով, երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորության պայմանագիր կնքելու օրվանից երկու տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել:

Վերոնշյալ հիմքերի բացակայության դեպքում երաշխավորությունը կարող է դադարել երաշխավորության պայմանագրի կողմերի համաձայնությամբ, օրինակ` Վարկառուն (վարկ վերցրած անձը) կարող է դիմել Ֆինանսական կազմակերպությանը և առաջարկել նոր երաշխավոր կամ պարտավորությունների կատարումն ապահովվող այլ միջոց (օրինակ` գրավ), իսկ Ֆինանսական կազմակերպությունն իր հերթին իրավունք ունի ընդունելու առաջարկը կամ հրաժարվել դրանից:

Վարկային պայմանագրի շրջանակներում ես հանդիսանում եմ երաշխավոր: Վարկ վերցրած անձը (վարկառուն) խախտել է վարկային պայմանագրով սահմանված վճարումների կարգը, որի արդյունքում իմ վարկային պատմությունը դասակարգվել է: Կարող եմ արդյո՞ք այս խնդրով դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Երաշխավորը չի հանդիսանում Հաճախորդ, քանի որ վերջինս չի օգտվում Ֆինանսական կազմակերպության ծառայություններից կամ չի դիմում դրանցից օգտվելու համար, այլ պարզապես հանդիսանում է պարտապանի կողմից պարտավորությունների կատարումը երաշխավորող անձ: Ցանկանում ենք նաև տեղեկացնել, որ Հաշտարարն իրավասու չէ քննել ֆիզիկական անձանց միջև առաջացած վեճերը: Հաշտարարն իրավասու է քննել այն պահանջները, որոնք ներկայացվում են Ֆինանսական կազմակերպությունների դեմ, որոնք գործունեություն իրականացնելու լիցենզիա են ստանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Վարկառուն մահացել է: Բացի գործող վարկային պայմանագրից, նա ուներ նաև ներդրված ավանդ բանկում: Հնարավոր է արդյո՞ք Հաշտարարի օգնությամբ բանկից վերցնել ներդրված ավանդը և ուղղել վարկային պարտավորությունների մարմանը:

Ժառանգատուի իրավունքների և պարտականությունների անցումը ժառանգներին կատարվում է ժառանգության ընդունմամբ: Ժառանգության ընդունումը տեղի է ունենում ժառանգատուի մահվան օրվանից 6 ամիս անց: Մինչ ժառանգության ընդունումը Դուք չեք կարող ստանալ Ժառանգատուի` բանկում որպես ավանդ ներդրված դրամական միջոցները: Ինչ վերաբերում է վարկային պայմանագրից բխող վճարումներին, ապա դրանք Դուք կարող եք կատարել նաև մինչև ժառանգության ընդունումը:

Կարող եմ արդյո՞ք Ձեր գրասենյակի միջնորդությամբ ժամկետանց դարձած վարկի վճարման ժամկետը երկարացնել: Նշեմ, որ բանկը պատրաստվում է արդեն գրավը հանել աճուրդի:

Ձեր խնդիրը Հաշտարարի գրասենյակի լիազորություններից դուրս է, քանի որ Հաշտարարի գրասենյակը լիազորված չէ միջամտել Ֆինանսական կազմակերպություն - Հաճախորդ հարաբերություններին: Հաշտարարի գրասենյակը Հաճախորդի կողմից ներկայացված պահանջը ընդունում է քննության, եթե Հաճախորդի իրավունքները խախտվել են Ֆինանսական կազմակերպության կողմից:

Վարկի մարումների ժամկետի երկարացման հարցը պետք է լուծվի պայմանագրի կողմերի միջև համաձայնության ձեռքբերման միջոցով, մասնավորապես` վարկային պայմանագրի կողմերը` Դուք և բանկը, կնքել եք պայմանագիր և դրանով իսկ հայտնել Ձեր համաձայնությունը պայմանագրի պայմանների, այդ թվում` նաև վարկի մարման ժամկետին վերաբերող պայմանի վերաբերյալ: Հետևաբար, վարկային պայմանագրի որևէ պայման փոփոխելու համար անհրաժեշտ է պայմանագրի երկու կողմերի համաձայնությունը: Ձեր կողմից բարձրացված հարցի կապակցությամբ Դուք պետք է դիմեք բանկին և առաջարկեք կատարել համապատասխան փոփոխությունները: Բանկն իր հերթին իրավունք ունի ընդունել կամ մերժել Ձեր առաջարկը:

Իրավունք ունի արդյո՞ք բանկը կամ վարկային կազմակերպությունը տեղեկություններ ստանալ իմ վարկային պատմության կամ այլ բանկերում գործող վարկերի մասին:

Այո՛, բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է հարցում կատարել վարկային ռեգիստր` ստանալով տեղեկատվություն իրեն դիմած քաղաքացու վարկային պատմության վերաբերյալ: Վարկային ռեգիստրի կողմից տրամադրված տեղեկատվությունը բանկը կամ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պետք է օգտագործի բացառապես վարկառուին վարկ տրամադրելիս կամ վարկառուի վարկարժանությունը գնահատելու նպատակով: Վարկատուն կարող է տեղեկատվություն պահանջել միայն վարկ ստանալու նպատակով իրեն դիմած կամ վարկատուից ստացված և չմարված վարկ ունեցող անձանց մասին:

Ես հանդիսացել եմ վարկային պայմանագրի երաշխավոր: Վարկառուն չի կատարել վճարումները: Դատարանի կողմից բռնագանձման վճիռ կայացնելուց հետո ես` որպես երաշխավոր, մարել եմ ամբողջ պարտավորությունները: Միաժամանակ ես նույնպես հանդիսանում եմ վարկառու, սակայն երբևէ չեմ ունեցել որևէ ուշացում: Արդյո՞ք իմ տվյալները ներկայացված են վարկային ռեգիստր որպես անպարտաճանաչ վարկառու:

Եթե վարկը դասակարգվում է վարկային ռեգիստրում, ապա վարկային ռեգիստրում վարկի վերաբերյալ այլ տվյալների հետ միասին նշվում է նաև երաշխավորի անունը:

Բանկը կամ վարկային կազմակերպությունը Ձեր վարկային պատմությանը ծանոթանալունպատակով վարկային ռեգիստր հարցում կատարելով կտեղեկանա, որ այն վարկը, որով որպեսերաշխավոր եք հանդես եկել, դասակարգվել է:

Արդյո՞ք բանկը կամ այլ վարկային կազմակերպություն իրավունք ունի վճարումը մեկ օրով ուշացնելու դեպքում զանգահարել երաշխավորին:

Պարտապանի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորության կետանցի դեպքում Կազմակերպությունը պետք է երածխավորին տեղեկացնի այդ մասին ոչ ուշ, քան կետանցի հաջորդ օրը՝ նշելով ընդհանուր պարտավորության չափը և դրա բացվածքը. առանձին պարտավորության մայր գումարը, պարտավորության մնացորդը, տոկոսները, տույժերը, տուգանքները (առկայության դեպքում): 

Բանկոմատից փորձել եմ կանխիկացնել աշխատավարձս, սակայն պարզել եմ, որ քարտիս ժամկետը արդեն մեկ ամիս է, ինչ լրացել է: Արդյունքում չեմ կարողացել ժամանակին կանխիկացնել գումարը: Արդյո՞ք բանկը պարտավոր չէր ինձ տեղեկացնել քարտի ժամկետի լրանալու մասին:

Բանկն օրենքով պարտավորություն չի կրում տեղեկացնելու վճարային քարտի ժամկետի լրանալու մասին, քանի որ վավերականության ժամկետը նշված է քարտի վրա: 

Բանկն առանց ինձ զգուշացնելու իմ դեբետային հաշվից գումար է հանել: Խնդրում եմ տեղեկացրեք արդյո՞ք Բանկի նման աշխատանքը համապատասխանում է օրենսդրության պահանջներին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 922-րդ հոդվածի համաձայն՝

1. Բանկը հաշվից դրամական միջոցներ դուրս է գրում հաճախորդի կարգադրության հիման վրա:

2. Առանց հաճախորդի կարգադրության` հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է դուրս գրել դատարանի վճռով, ինչպես նաև օրենքով սահմանված կամ բանկի և հաճախորդի միջև պայմանագրով նախատեսված դեպքերում:

Այսպիսով՝ Հաճախորդն իրավունք ունի իր հաշվում առկա դրամական միջոցները տնօրինել իր հայեցողությամբ՝ Բանկին հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու կարգադրություն տալով: Սակայն Պայմանագրով նախատեսված դեպքերում Բանկն իրավունք ունի Հաճախորդի դեբետային հաշվից անակցեպտ կարգով գումարներ գանձել՝ ուղղելով այն Հաճախորդի՝ Բանկ նկատմամբ ունեցած պարտավորությունների: Օրինակ՝ Հաճախորդը վարկային պայմանագրի գծով ունի ժամկետանց պարտավորություն Բանկի նկատմամբ և վարկի մարում չիրականացնելու դեպքում Բանկն իրավունք ունի Բանկում Հաճախորդի այլ դեբետային հաշվից անակցեպտ կարգով գումար գանձել՝ ուղղելով այն վարկի մարմանը:

Բանկն իրավունք ունի նաև առանց Հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:

Իրավունք ունի արդյո՞ք բանկը ավտովարկավորման ժամանակ իր մոտ պահել մեքենայի տեխնիկական անձնագիրը:

Այո՛, ավտովարկավորման ժամանակ բանկն իրավունք ունի իր մոտ պահել մեքենայի տեխնիկական անձնագրի բնօրինակը, իսկ Հաճախորդին` տրամադրել պատճենը բանկի կնիքով:

Մի շարք բանկերի հետ կնքել եմ ավանդային պայմանագրեր: Արդյո՞ք պետությունը, բանկը կամ այլ կազմակերպություն երաշխավորում է դրանք:

Այո՛, Ձեր ավանդները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հետևյալ չափերով`

ա) Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը տասը միլիոն հայկական դրամ է,

բ) եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժույթային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը հինգ միլիոն հայկական դրամ է:

Եթե ավանդատուն ունի ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա նրա ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին:

Իրավունք ունի արդյո՞ք Ֆինանսական կազմակերպությունը չտրամադրել երաշխավորին տեղեկություններ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցի մասին, և եթե վարկառուն ուշացնում է վճարումը, արդյո՞ք դա ազդում է երաշխավորի վարկային պատմության վրա:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ֆինանսական կազմակերպության և երաշխավորի միջև հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24 գլխի 4-րդ պարագրաֆով և ՀՀ Կենտրոնական բանկի «ԲԱՆԿԵՐԻ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ» վերտառությամբ 8/06 Կանոնակարգով:

«ԲԱՆԿԵՐԻ ՈՒ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ» վերտառությամբ 8/06 Կանոնակարգի համաձայն՝ Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի (այդ թվում` վարկի մարման ժամանակացույցի) մեկական օրինակ:

Կազմակերպությունը երաշխավորի պահանջով երաշխավորությամբ ծագող հարաբերությունների ամբողջ ընթացքում տրամադրում է նրան վարկի (պարտավորության) մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն:

Երաշխավորի հետ հաղորդակցումը կատարվում է գրավոր ձևով:

Կազմակերպությունը երաշխավորին տրամադրում է հաղորդակցման առնվազն երեք եղանակի ընտրության հնարավորություն (ընդ որում՝ Կազմակերպության տարածքում տեղեկատվության առձեռն հանձնման եղանակը չի կարող լինել միակ հաղորդակցման եղանակը) և բացատրում ընտրված միջոցով հաղորդակցման էությունը:

Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին:

Քանի որ երաշխավորության պայմանագրի ուժով երաշխավորը վարկառուի հետ միասին կրում է համապարտ (հավասար) պատասխանատվություն ֆինանսական կազմակերպության առջև պարտավորությունները մարելու համար, ուստի վարկային ռիսկի դասակարգումը նույնպես ազդում է երաշխավորի վարկային պատմության վրա:

Ունեմ սպառողական վարկ, որի տրամադրման համար Բանկը գանձել է միջնորդավճար: Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք բանկն իրավունք ունի գանձել հավելյալ միջնորդավճար այն դեպքում, երբ վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքն արդեն իսկ կազմում է 25.9%:

Բացի տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ ներառվող վճարներից կան այլ վճարներ, որոնք օրենքով սահմանված կարգով ընդգրկված չեն սպառողի վարկավորման հետ կապված ընդհանուր ծախսերի ցանկում: Մասնավորապես` «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքը սահմանում է այն վճարները, որոնք ներառված չեն սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսերի մեջ: Տվյալ պարագայում անհրաժեշտ է իմանալ, թե ինչի համար է Բանկը գանձել Ձեր կողմից նշված միջնորդավճարը, ինչի արդյունքում կարող ենք պարզել` արդյոք Բանկի կողմից կատարված գործողությունն իրավաչափ է, թե` ոչ: 

Պարտավոր է արդյո՞ք Բանկը կամ Վարկային կազմակերպությունը հիշեցնել Վարկառուին վարկի մարման օրվա մասին:

Վարկի մարման և տոկոսագումարների վճարման ժամանակացույցը սահմանվում է վարկային պայմանագրով: Ստորագրելով պայմանագիրը` Վարկառուն և Վարկատուն (բանկ կամ այլ վարկային կազմակերպություն) տալին են իրենց համաձայնությունը պայմանագրում ներառված պայմանների` այդ թվում վարկի մարման և տոկոսագումարների վճարման ժամանակացույցի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ վերջիններս ծանոթ են պայմանագրի պայմաններին: Այսինքն, եթե այլ բան սահմանված չէ վարկային պայմանագրով, ապա Վարկատուն չի կրում նման պարտավորություն:

Վարկառուի մահվան դեպքում ինչպե՞ս է կատարվում վարկի տոկոսների մարումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ քաղաքացիական օրենսգրքի կանոններով: Օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: Օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում: Օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Վերոնշյալ նորմերից բխում է, որ ժառանգատուի մահվան դեպքում նրա ունեցած գույքը, ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները (այդ թվում՝ վարկային պայմանագրից բխող պարտավորությունները) ժառանգատուի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում ժառանգությունն ընդունելու դեպքում փոխանցվում են ժառանգությունն ընդունած ժառանգներին:

Եթե Բանկը Հաճախորդի հաշվեհամարին գումարը երկու անգամ է փոխանցում, ապա պարտավոր է արդյո՞ք Հաճախորդը վերադարձնել այդ գումարը:

Այո՛, Հաճախորդը պարտավոր է այդ գումարը հետ վերադարձնել, քանի որ անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին կետ): Այս կանոնը կիրառվում է անկախ այն բանից, անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ: 

Սեփականության իրավունքով ինձ պատկանող ավտոմեքենան շահագործել եմ որպես տաքսի, սակայն ԱՊՊԱ պայմանագրում նշվել է, որ ավտոմեքենան շահագործվելու է անձնական նպատակներով: Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում ես ճանաչվել եմ մեղավոր կողմ: Վերոնշյալի արդյունքում ի՞նչ բացասական հետևանքներ կարող են տեղի ունենալ:

Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք ունի վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (Ապահովադրի) նկատմամբ, եթե վերջինս ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանը ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը («Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի hոդված 27-ի 2-րդ կետի դ ենթակետ): Ավտոտրանսպորտային միջոցի շահագործման ձևի (նպատակի) փոփոխությունը համարվում է որպես վկայագրում նշված էական տեղեկատվության փոփոխություն: Այս պարագայում ավտոմեքենան որպես տաքսի շահագործելով փոխվում է ապահովագրության ռիսկայնության աստիճանը: Այսինքն՝ ապահովագրական ընկերությունը տուժող կողմին ապահովագրական հատուցում տրամադրելուց հետո ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք:

ԱՊՊԱ հատուցման գործընթացում ապահովագրական ընկերության կողմից հատուցման ժամկետի խախտման դեպքում ի՞նչ պատասխանատվության միջոցներ են սահմանված:

Ապահովագրական հատուցման գործընթացի կարգավորման՝ ներառյալ փորձաքննությունների, նախնական զննության գործընթացի իրականացման, ապահովագրական հատուցման վճարման և ծանուցումների իրականացման համար «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ -ի RL 1-001 կանոններով (ԱՊՊԱ  Ընդհանուր Պայմաններ) նախատեսված ժամկետների խախտման դեպքում ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձն իրավունք ունի դիմում դտացած ապահովագրական ընկերությունից (ԴՍԱ) պահանջել յուրաքանչյուր կետանցված օրվա համար վճարել տույժ՝ Օրենքով սահմանված չափով, իսկ Օրենքով համապատասխան խախտման համար տույժ սահմանված չլինելու դեպքում՝ տուժողի կրած տվյալ տեսակի վնասի համար նախատեսված ապահովագրական գումարի 0,1 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել հիսուն հազար ՀՀ դրամից, եթե միևնույն հատուցման գործընթացում սույն կանոններով նախատեսված բոլոր գործողությունների համար սահմանված ժամկետների կետանցված օրերի քանակը 7 և ավելի է: Ընդ որում՝ միևնույն համադրելի ժամանակահատվածում ԴՍԱ-ի կողմից սույն կանոններով նախատեսված տարբեր գործընթացներ կետանցվելու դեպքում այդ ժամանակահատվածի համար տույժերը հաշվարկվում են մեկ անգամ:

Առավելագույնը որքա՞ն ժամանակ կարող է տևել ԱՊՊԱ-ի շրջանակներում անցկացվող կրկնակի փորձաքննությունը:

Համաձայն «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ -ի RL 1-001 կանոնների (ԱՊՊԱ  Ընդհանուր Պայմաններ)՝

«Պարզեցված հատուցման գործընթաց»-ի դեպքում

            Գույքին պատճառված վնասի կրկնակի փորձաքննության իրականացումը տևում է երեք աշխատանքային օր:

«Ստանդարտ հատուցման գործընթաց 1»-ի  և «Ստանդարտ հատուցման գործընթաց 2»-ի դեպքում՝
    Գույքին պատճառված վնասի կրկնակի փորձաքննության իրականացումը տևում է յոթ աշխատանքային օր,

Պատահարի պատճառի կրկնակի փորձաքննության իրականացումը տևում է յոթ աշխատանքային օր, իսկ հետքաբանական և (կամնյութագիտական հետազոտություն պատվիրակված  լինելու դեպքում՝ տասնչորս աշխատանքային օր:

Տեղի ունեցած վթարի արդյունքում վնաս է պատճառվել իմ մեքենային: Ապահովագրական ընկերությունը քիչ է գնահատել վնասը: Կարո՞ղ եմ դիմել Հաշտարարին, և այդ դեպքում պարտադիր է արդյո՞ք մեքենան չվերանորոգելը:

Ապահովագրական հատուցման գործընթացի կարգավորման համար սահմանված ժամկետների ավարտից հետո Հաճախորդը ավտոմեքենային պատճառված վնասի չափի անհամաձայնության պահանջով կարող է դիմել Հաշտարարին: Այս դեպքում ավտոմեքենային պատճառված իրական վնասի չափը որոշելու համար Հաշտարարը կարող է պահանջի քննության ընթացքում ներգրավել անկախ փորձագետ: Միևնույն ժամանակ, փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ավտոմեքենան գտնվի հետվթարային՝ չվերանորոգված վիճակում, ինչը հնարավորություն կտա անկախ փորձագետին կատարել համապատասխան փորձաքնությունը:

Արդյո՞ք ապահովագրական ընկերությունը մեքենայի կամավոր ապահովագրության շրջանակներում մեքենայի առևանգման դեպքում իրավունք ունի չվճարել ապահովագրական հատուցումը մինչև գործով նախաքննության ավարտը:

Կնքված ապահովագրության պայմանագրի շրջանակներում ապահովագրողը պարտավորվում է ապահովագրավճարի դիմաց վճարել ապահովագրական հատուցում, եթե տեղի է ունենում պայմանագրով սահմանված իրադարձությունը: Եթե Ապահովագրական ընկերության և Հաճախորդի միջև կնքված պայմանագրով առևանգումը նախատեսված է ապահովագրման ենթակա ռիսկերի շարքում, ապա առևանգման փաստը արձանագրված լինելու ուժով ապահովագրական ընկերությունը պարտավոր է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:

Մեքենան բակում կանգնած վիճակում վնասել են: Վնասող կողմը անհայտ է: Այս պարագայում ո՞րտեղից կարող եմ ստանալ ապահովագրական փոխհատուցում:

ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում եթե վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է, ապա Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից հատուցման ենթակա են միայն տուժած անձանցպատճառված անձնական վնասները: Այս պարագայում գույքային վնասը չի փոխհատուցվում: Իսկայն դեպքումերբ կնքված է մեքենայի ԿԱՍԿՈ պայմանագիրապա հատուցման պահանջովՀաճախորդը կարող է դիմել համապատասխան ապահովագրական ընկերությանը:

Ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո որքա՞ն ժամանակահատվածում կարող եմ դիմել ապահովագրական ընկերությանը (Բյուրոյին)` ԱՊՊԱ-ի շրջանակներում հատուցում ստանալու համար:

Ապահովագրական հատուցում ստանալու համար տուժողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի ապահովագրական պատահարի օրվանից հետո եռամսյա ժամկետում դիմելու ապահովագրական ընկերություն կամ օրենքով սահմանված դեպքերում Բյուրոյին («Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդված):