logo

online.fsm.am
Այլ կազմակերպություն

Ստորև ներկայացված են այն պահանջները, որոնք ուղղված են այլ ֆինանսական կազմակերպությունների դեմ:

2019թ․-ի պահանջ Վարկային կազմակերպության դեմ՝ կապված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի դրույթների հետ

Համաձայն ներկայացված պահանջի՝ Հաճախորդի և Վարկային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) միջև կնքվել է սպառողական կրեդիտավորման պայմանագիրը, որի հիման վրա Հաճախորդին տրամադրվել է 150,000 ՀՀ դրամ վարկ: Կազմակերպությունը Հաճախորդին ո´չ փոստով, ո՛չ էլեկտրոնային եղանակով, ո´չ էլ կապի այլ միջոցով պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ տեղեկատվություն /քաղվածք/ չի տրամադրել։ Վերոնշյալի կապակցությամբ Հաճախորդը բողոք-պահանջ է ներկայացրել Կազմակերպություն, որին ի պատասխան՝ ստացել է Կազմակերպության գրությունը, որով  պահանջը մերժվել է: Հաճախորդը վկայակոչել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը, նշել, որ Կազմակերպությունը պարտավոր էր առնվազն երեսնօրյա պարբերականությամբ Հաճախորդին տրամադրել օրենքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տեղեկատվությունը: Հաճախորդը վկայակոչել է նաև ՀՀ ԿԲ կանոնակարգ 8/05-ի 7-րդ կետի 16-րդ ենթակետը, 45-րդ կետը, նշել, որ Կազմակերպությունը որևէ անգամ չի փորձել կապվել իր հետ և առաջարկել ստանալ քաղվածք: Հաճախորդը վկայակոչել է նաև նույն օրենքի 20-րդ հոդվածը և Հաշտարարին ներկայացված պահանջ-դիմումով պահանջել է, որ Հաշտարարը որոշում կայացնի Կազմակերպության կողմից Հաճախորդին «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման համար 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ։ Կարդալ ավելին․․․

2019թ․-ի պահանջ ՀՀ-ում գործող Վարկային կազմակերպության դեմ՝ կապված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի դրույթների հետ

Հաճախորդի և Կազմակերպության միջև կնքվել է 230,000 ՀՀ դրամի չափով վարկային պայմանագիր: Հաճախորդը պայմանագրի գործողության ընթացքում բազմիցս այցելել է Կազմակերպություն, սակայն ոչ մի անգամ քաղվածք չի ստացել իր վարկի վերաբերյալ տեղեկատվությամբ՝ իր նախընտրած եղանակով:

Կազմակերպությունը սահմանված պարբերականությամբ և եղանակով պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի և մարումների վերաբերյալ տեղեկատվություն /քաղվածք/ Հաճախորդին չի տրամադրել։

Վերոնշյալի կապակցությամբ Հաճախորդը բողոք-պահանջ է ներկայացրել Կազմակերպությանը՝ պահանջելով իրեն վճարել 600,000 ՀՀ դրամ՝ քաղվածք  չտրամադրելու և բողոք-պահանջում նշված խախտումների համար: Հաճախորդի ներկայացուցիչը հայտնել է, որ բողոք-պահանջի պատասխանը Կազմակերպության կողմից դեռևս չի ներկայացվել:

Հաշտարարին ներկայացրած պահանջ-դիմումով խնդրել է որոշում կայացնել Կազմակերպության կողմից Հաճախորդին «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներով նախատեսված իրավունքի խախտման փաստի կապակցությամբ 600,000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ: Կարդալ ավելին․․․