logo

online.fsm.am
Ռազմավարություն

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով և ձգտելով լինել հեղինակավոր, անկախ, թափանցիկ և վստահելի կառույց, ինչպես նաև առավելագույնս արդարացնել կառույցը ստեղծող պետական և ոչ պետական մարմինների` որպես իր տեսակի մեջ միակ վեճերը լուծող արտադատական մարմնի կայացման և զարգացման հետ կապված ակնկալիքները, օրենսդրի կողմից սահմանված իր առաքելությունը և իր առջև դրված հիմնական նպատակները երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ կերպով իրականացնելու համար նախանշում է հետևյալ ռազմավարական նպատակներն ու դրանց հասնելու ռազմավարական ուղիները:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տեսլականն է ունենալ ֆինանսապես կիրթ և պաշտպանված սպառողներ ֆինանսական շուկայում:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ռազմավարական նպատակներն են`

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ռազմավարական ծրագրով վերոնշյալ յուրաքանչյուր նպատակին հասնելու համար սահմանվել են մի շարք խնդիրներ և մշակվել այդ խնդիրներից յուրաքանչյուրին հասնելու համար կատարվելիք գործողություններ (քաղաքականություն, ծրագրեր, նախագծեր և այլն):

Գրասենյակի հիմնարար արժեքները

Գրասենյակի` արդյունավետ գործելու և հանրության վստահությունը շահելու կարևորագույն գրավականը այն արժեքներն են, որոնք որպես հիմնարար սկզբունքներ պետք է դրված լինեն նրա գործունեության հիմքում: Գրասենյակն առաջնորդվում է հետևյալ հիմնարար արժեքներով.

1. Անկողմնակալություն պահանջի քննության ընթացքում:
 Հաշտարարը պահանջի քննության ընթացքում ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով` դրսևորելով անկողմնակալ մոտեցում յուրաքանչյուրի նկատմամբ և խստագույնս պահպանելով օրենքի առաջ կողմերի հավասարության և արդարության հիմնարար սկզբունքները:

2. Կողմերի հավասարություն կամ կողմերի իրավունքների հավասարակշռություն:
 Հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը` Հաշտարարը որոշում կայացնելիս ղեկավարվում է ոչ միայն օրենքով, գործարար շրջանառության սովորույթով, այլև կողմերի իրավունքների հավասարակշռության սկզբունքով` կոնկրետ դեպքում կողմերից մեկի համար ակնհայտ անարդարացի լուծման բերող իրավական ակտերի ուղղակի ներգործությունը կանխելու նպատակով:

3. Հաճախորդների նկատմամբ հոգատար վերաբերմունք:
 Յուրաքանչյուր հաճախորդ Գրասենյակում արժանանում է հոգատար վերաբերմունքի: Գրասենյակի աշխատակիցները հնարավորինս խուսափում են հաճախորդներին անհարմարություններ պատճառելուց` ձգտելով զերծ պահել նրանց լրացուցիչ քաշքշուկների մեջ ընկնելուց և լրացուցիչ ծախսեր կատարելուց:

4. Կողմերին հաշտեցնելու առաջնահերթություն:
 Հաշտարարը պահանջի լուծման ընթացքում ձգտում է վեճը լուծել կողմերի հաշտեցմամբ` գործի ավելի արագ ելք ապահովելու, կողմերի համար երկուստեք նախընտրելի լուծում գտնելու և կազմակերպության ու նրա հաճախորդի միջև առկա գործարար հարաբերությունները պահպանելու նպատակով:

5. Գործունեության արդյունավետություն: 
Հաշտարարի գործունեության առանցքային արժեք է պահանջների քննության, ինչպես նաև իրականացվող ծրագրերի այնպիսի կազմակերպումը, որ գործադրված ջանքերը տան ցանկալի արդյունք: Պահանջների քննության ընթացքում արդյունավետությունը ապահովվում է պահանջի արագ և արդարացի քննությամբ, իսկ այլ ծրագրերի իրականացման դեպքում` ռեսուրսների և ջանքերի ճիշտ կենտրոնացմամբ և բաշխմամբ:

6. Գործունեության թափանցիկություն:
 Հաշտարարի գործունեությունը մշտապես հասանելի է հանրությանը ինչպես ինտերնետային կայքի միջոցով, այնպես էլ ԶԼՄ-ներով հրապարակվող հաշվետվությունների միջոցով:

7. Գործընկերություն և կոնֆիդենցիալություն: 
Հաշտարարը մշտապես գործընկերային հարաբերություններ է պահպանում ֆինանսական կազմակերպությունների հետ` ձգտելով ընդլայնել նրանց հետ համագործակցության շրջանակները և պահպանելով կոնֆիդենցիալություն` բացառությամբ, եթե ֆինանսական կազմակերպությունը թույլ է տալիս քաղաքացիների իրավունքների կոպիտ և զանգվածային խախտումներ, կամ եթե կազմակերպության անունը չհրապարակելը կարող է վտանգել ֆինանսական համակարգի կայունությունը:

8. Պրոֆեսիոնալիզմ և թիմային աշխատանք
: Գրասենյակն իր աշխատակիցների հանդեպ մշտապես առաջադրում է բարձր պրոֆեսիոնալիզմի և կատարողականության ստանդարտներ, ինչպես նաև հոգ է տանում նրանց մասնագիտական զարգացման համար: Գրասենյակում կարևորվում է թիմային աշխատանքը` առավել ցանկալի արդյունքների հասնելու համար, և խրախուսվում յուրաքանչյուր աշխատակցի` Գրասենյակի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի շուրջ տեսակետ արտահայտելու իրավունքը:

9. Միջազգային համագործակցություն և նորարար լուծումներ
: Գրասենյակը մշտապես համագործակցում է արտասահմանում գործող նմանատիպ կառույցների հետ` փորձի փոխանակման և նրանց լավագույն փորձի ներդրման նպատակով: Գրասենյակը իր ծրագրերը, ծառայությունները, պահանջների ընդունման և քննության ընթացակարգերը ձգտում է մեկտեղել նորարար մեթոդների և մոտեցումների հետ` Գրասենյակի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար:

10. Ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանության ոլորտում տարածաշրջանում առաջատար դիրքի գրավում:
 Հաշտարարի գրասենյակը շարունակաբար իրականացնում է հետխորհրդային երկրներում ֆինանսական օմբուդսմենի գրասենյակների ստեղծման օժանդակում և փորձի փոխանցում, ինչպես նաև միջազգային հեղինակավոր ֆինանսական օմբուդսմենների մասնակցությամբ անցկացվող կոնֆերանսներին հետխորհրդային երկրների ֆինանսական օմբուդսմենների կամ վերահսկող մարմնի ներկայացուցիչների ներգրավում:


Գրասենյակի ռազմավարությանը առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև նշված հղումներով`

Գրասենյակի ռազմավարությունը 2011-2013թթ.-ի համար 

Գրասենյակի ռազմավարությունը 2013-2016թթ.-ի համար 

Գրասենյակի ռազմավարությունը 2017-2020թթ.-ի համար