logo

online.fsm.am
Նորություններ
20.08.2018

Հրապարակվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի 2017 թվականի գործունեության հաշվետվությունը:


Համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարը առնվազն տարին մեկ հրապարակում է հաշվետվություն, որը ներառում է՝ Գրասենյակի ընդհանուր գործունեության, նրա կառավարման համակարգի, պահանջների ընդհանուր քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև մերժված և բավարարված պահանջների քանակը՝ ըստ առանձին կազմակերպությունների: Ամփոփելով Հաշտարարի գրասենյակի 8 տարիների գործունեությունը՝ սիրով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2017 թվականի տարեկան հաշվետվությունը, որը հնարավորության կտա ոչ միայն համապարփակ պատկերացում կազմել Հաշտարարի գրասենյակի՝ որպես ֆինանսական շուկայում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կարևորագույն կառույցի գործունեության մասին, այլև ներկայացված նախադեպերի, հարց ու պատասխանների միջոցով ստանալ օգտակար տեղեկատվություն ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից օգտվելիս Ձեր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Ինչպես նախորդ տարիներին, 2017 թվականին ևս Հաշտարարի գրասենյակն արձանագրել է բողոքների քանակի աճ: 2017 թվականին Գրասենյակը ստացել է ֆինանսական համակարգին վերաբերող 4372 բողոք, որոնցից 1672-ն ընդունվել է քննության, ընդ որում՝ քննության ընդունված պահանջների ցուցանիշը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճել է շուրջ 10 տոկոսով: Հօգուտ հաճախորդների լուծված պահանջների կշիռը կազմում է 80.91% տոկոս, ընդ որում՝ գործերի 49․60 տոկոսի դեպքում կողմերը եկել են հաշտության:

Ամփոփվող տարվա ընթացքում ստացված բողոքների մեջ զգալի մաս են կազմել ապահովագրական ընկերությունների դեմ ներկայացված բողոքները (52.84%), որոնց մեջ ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում ԱՊՊԱ-ի հետ կապված բողոքներին (ապահովագրական ընկերությունների դեմ ներկայացված ընդհանուր բողոքների 91.77%-ը): Հաճախորդների գերակշիռ մասը համաձայն չի եղել գնահատված վնասի չափի հետ, ինչպես նաև շատ են եղել բողոքները` կապված վնասի չհատուցման կամ հատուցման տրամադրման ձգձգումների հետ: 

Հաշվետվությունում ներկայացված են նաև Հաշտարարի գրասենյակի կողմից իրականացված միջոցառումները, մասնավորապես՝ «Սպառողների ֆինանսական կրթության/իրազեկվածության բարձրացման» ծրագիրը, որի շրջանակներում կրթվել են ՀՀ և ԼՂՀ ավագ դպրոցների ավելի քան 5299 աշակերտներ և ուսանողներ: Հաշվետվությունում առաձին անդրադարձ կա նաև Հաշտարարի գրասենյակի միջազգային համագործակցությանը, ինչը մեծապես նպաստում է Գրասենյակում միջազգային լավագույն փորձի ներդրմանը և աշխատակիցների մասնագիտական աճին:

Ինչպես նշում է Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ մեր գրասենյակը շարունակելու է վստահ քայլել իր տեսլականի իրագործման ուղղությամբ՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրի:

Նորությունների արխիվ