logo

online.fsm.am
Նորություններ
02.07.2020

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում կատարվել են մի շարք փոփոխոխություններ։ Մասնավորապես՝

 

Ֆինանսական համակարգի հաշտարարին այսուհետ դիմելու իրավունք ունի նաև անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, ով Հաշտարարին դիմելու պահին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է համարվում, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությանը պարտավորությունների ապահովման միջոց տրամադրած անձը, ով կարող է պահանջ ներկայացնել Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների կամ ապահովման միջոցի հետ կապված:

 

Ֆինանսական համակարգի հաշտարարն իրավասու է քննելու  նաև «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված ոչ գույքային բնույթի պահանջներ։

 

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իրավասու է Հաճախորդի համաձայնությամբ Կազմակերպությանը ներկայացնել բողոք-պահանջ, և այդ դեպքում Հաճախորդը համարվում է Կազմակերպությանը բողոք-պահանջ ներկայացրած։

 

Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջը ներառում է․

    • իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի դեպքում՝ հայտարարություն հաճախորդի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու և Հաշտարարի գրասենյակին տրված համաձայնություն իր՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու վերաբերյալ, կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքն իր միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ։
    • ֆիզիկական անձ հաճախորդի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի դեպքում՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաճախորդի պետական գրանցման փաստաթղթի պատճենը կամ անհատականացնող համարը։
    • իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ ընկերության անունից հանդես գալու լիազորություն ունեցող անձի ստորագրությունը

Պահանջը հաճախորդի ներկայացուցչի կողմից ստորագրելու դեպքում պահանջին պետք է կցվի ներկայացուցչի լիազորությունները հավաստող, պատշաճ կարգով տրված լիազորագիրը, ինչպես նաև հաճախորդի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը։

 

Ֆինանսական համակարգի հաշտարարը մերժում է պահանջի քննությունը նաև այն դեպքերում, երբ

    • Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվում է հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ,
    • իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ,
    • իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի ներկայացրել հայտարարություն հաճախորդի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու և Հաշտարարի գրասենյակին տրված համաձայնություն իր՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու վերաբերյալ, կամ հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքն իր միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ։

 

Այսուհետ Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում Կազմակերպության բացատրությունները ստանալուց կամ տասնչորս աշխատանքային օրվա ժամկետը լրանալուց հետո` քսանչորս աշխատանքային օրվա ընթացքում: Առանձնապես բարդ գործի պարագայում Ֆինանսական համակարգի հաշտարարը կարող է սույն մասով նախատեսված քսանչորսօրյա ժամկետը իր որոշմամբ երկարաձգել ևս տասնչորս աշխատանքային օրով։

 

Ֆինանսական համակարգի հաշտարարը պահանջի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ կամ նյութեր ստանալու համար այսուհետ կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու իրավաբանական անձանց: Այդ անձինք պարտավոր են պատասխանել Ֆինանսական համակարգի հաշտարարի դիմում-հարցումներին և ներկայացնել իրենց իրավասություններից բխող պահանջվող տեղեկությունները դրանք ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Ֆինանսական համակարգի հաշտարարը իր որոշմամբ դադարեցնում է պահանջի քննությունը նաև այն դեպքերում, երբ

    • կողմերը հաշտվել են՝ կնքվել է հաշտության համաձայնագիր կամ հաճախորդը դիմում է ներկայացրել հաշտության համաձայնության գալու մասին,
    • հաճախորդը ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում՝ լուծարվել է,
    • Կազմակերպության լիցենցիայի գործողությունը դադարեցվել է։

 

Հաճախորդը պահանջ ներկայացնելիս այդ պահանջի մեջ նշում է Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հաղորդակցման եղանակի մասին, իսկ այդպիսի նշում կատարված չլինելու դեպքում՝ հաղորդակցումը տեղի է ունենում սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված Խորհրդի կողմից սահմանված կարգով:

Նորությունների արխիվ